AM
9 Հունիս 2020 - 09:55 AMT

Վարչապետ․ ՀՀ-ում զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև պետականության ողնաշարն են

Հայաստանի բոլոր քաղաքացիները, բայց առավելևս՝ զինվորականները, պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացնելով ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:

Փաշինյանը նշել է, որ նա ԶՈւ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովի, այլև էլ ավելի կբարելավի օրակարգը, խնդիրների լուծման որակը։

«Անկեղծ ասած, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է ՀՀ-ում: Այսօր այն մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում․․․Ինչպես ցանկացած պետություն, ՀՀ-ն նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքինները․․․ՀՀ որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել ԶՈւ համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար», – նշել է Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈւ իմիջը և ԶՈւ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈւ-ում ծառայության իմիջը ԶՈւ իմիջին հավասարեցնելն է:

«Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա․․․ կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈՒ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան», -ասել է վարչապետը։

Փաշինյանի որոշմամբ՝ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, փոխարինելով այդ պաշտոնում Արտակ Դավթյանին։