AM
9 Հունիս 2020 - 12:07 AMT

ՀՀ-ն ողջունում է Լիբիայում հրադադարի հաստատման նախաձեռնությունը

Հայաստանը ողջունում է Լիբիայում հրադադարի հաստատման վերաբերյալ Եգիպտոսի նախաձեռնությունը։ Այդ մասին ասվում է Լիբիայում զարգացումների վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։

«Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ»,- նշել է նա։

Խոսնակը նաև հույս է հայտնել, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն երկրի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է Լիբիայում հրադադարի հաստատման նախաձեռնության մասին, ըստ որի օտարերկրացի գրոհայինները պետք է հեռանան երկրից, իսկ զինյալ խմբավորումները՝ զինաթափվեն։

2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։

Լիբիայում արդեն մի քանի տարի է գործադիր իշխանության 2 մարմին է զուգահեռ գործում. միջազգայնորեն ճանաչված Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը և երկրի արևելքում գործող Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որին սատարում է Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի գլխավորությամբ: