AM
9 Հունիս 2020 - 12:08 AMT

ՀՔԾ․ Ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաների դեմ խարդախության մեղադրաք կա

Ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ ձերբակալվել են խարդախության, պաշտոնեական դիրքի չարաշահման համար, հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Ըստ տվյալների՝ 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255 մլն դրամից ավելի գումար։

Ըստ հաղորդագրության՝ 2017-ին Երևանում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքներ նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով գնման գործընթացների մասնակցելու համար:

ՃՈ ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, գնման գործընթացում տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար, հաղթել է հենց այդ ընկերությունը:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանն ընկերության ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանություն­ները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Ընկերության հետ կնքվել է 1.5 մլրդ դրամի 3 պայմանագիր ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

«ՃՈ» ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 195-րդ (Հակամրցակցային գործունեությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 308-րդ հոդվածների 2-րդ (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: