AM
9 Հունիս 2020 - 13:16 AMT

Փաշինյան․ Թեև ոստիկանության անձնակազմը հյուծման եզրին է, պետք է նոր էներգիա հաղորդել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, հայտարարել է, որ թեև ոստիկանության ամբողջ անձնակազմը հյուծման եզրին է, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա։

Նա նշել է, որ ոստիկանապետի ամենաառաջին խնդիրը համարում է նոր լիցք տալը հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով:

Փաշինյանը հավելել է, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է և յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի,այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ:

«Հանցագործներն այդ շփման ընթացքում պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն: Համոզված եմ, որ ունենք բավարար կամք և հետևողականություն՝ այս խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալու համար»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ 2018-ին ոստիկանության աշխատակիցները ստացել են նոր Հայաստանի իրողություններին, արժեքներին դիրքավորվելու հնարավորություն, և պետք է հասկանալ, թե այդ հնարավորությունն ով ինչպես է օգտագործել:

«Չկա ծանոթ, ընկեր, բարեկամ, թիկունք, առանց թիկունք: Կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, և բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են այս ճանապարհով, պետք է իրենց գնահատված զգան։ Բոլոր նրանք, ովքեր քամահրական վերաբերմունք են ցուցաբերել, այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում», – ասել է վարչապետը։

Նա հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ՝ փոխարինելով այդ պաշտոնում Արման Սարգսյանին։