AM
9 Հունիս 2020 - 13:25 AMT

Զորքերի կառավարման էլեկտրոնային համակարգերից` հոսպիտալային օղակի բարելավում․ ՊՆ ղեկավարը ներկայացրել է ԶՈւ զարգացման տեսլականը

ՀՀ Զինված ուժերին հաջողվել է քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը կատարել և պաշտպանության ամբողջ համակարգը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից, ասվում է պաշտպանության նախարարի՝ 2020-ին հրապարակված տեսլականում։

«Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, և մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչև այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլև ապագայի բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համար»,- նշում է Տոնոյանը։

PanARMENIAN.Net-ն առանձնացրել է ԶՈՒ տեսլականում ներկայացված առաջնահերթություններից մի քանիսը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն կանգնած է պաշտպանության պլանավորման ամենակարևոր փուլի՝ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացի նախաշեմին: Դրա արդյունքում կբացահայտվեն, համակողմանիորեն կգնահատվեն և ըստ առաջնահերթության կդասակարգվեն անվտանգության, առաջին հերթին՝ ռազմական անվտանգության առջև ծառացած սպառնալիքները,

– կներդրվեն զորքերի կառավարման էլեկտրոնային համակարգեր, որոնք ունեն ժամանակակից պահանջները բավարարող տեխնոլոգիական հագեցվածություն, կենսունակություն ու վերականգնելիություն: Վերջնական նպատակ կա՝ հասնելու լիարժեք թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրմանը: Դա կմեծացնի ապահովման արդյունավետությունը, վերահսկելիությունը և այդպիսով կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

– Արդեն մեկնարկել է ԶՈՒ լայնածավալ վերազինման գործընթացը՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա և փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության և արագ արձագանքման իրենց հնարավորություններով:

– Մինչև 2020-ի վերջ սննդի ապահովման ծառայությունների մասնավորեցումը պետք է գործի զորքերի մշտական տեղակայման բոլոր վայրերում: Ընդհանրապես, զինծառայողների համակողմանի որակյալ ապահովումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Պաշտպանության նախարարությունը որդեգրել է ապահովման մի շարք ծառայությունների արտապատվիրակման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը: Բարձրացվել են նաև իրային ապահովման միջոցների (համազգեստ, ներքնազգեստ, հիգիենայի պարագաներ) որակական չափորոշիչները:

– ՊՆ-ն պետք է կենտրոնանա ծառայության ընթացքում զինծառայողների հանրային առողջության և համավարակների կանխարգելման ընթացակարգերի վերանայմանը: Կառավարման օպտիմալացման, համապատասխան սարքավորումներով համալրման, անձնակազմի վերապատրաստման և բժշկական ծառայությունների մատուցման այլընտրանքային հնարավորությունների ստեղծման անհրաժեշտություն ունի նաև հոսպիտալային օղակը, ընդհուպ՝ նոր սկզբունքներով ժամանակակից զինվորական հոսպիտալի կառուցումը:

– Պայմանագրային հիմունքներով որակյալ մասնագիտական ռեսուրսի ներգրավման հարցում կա (խոսքը մասնագիտական զինվորական կրթություն ստացածներին չի վերաբերում) և այն ուշադրության կենտրոնում է լինելու:

– ՊՆ-ն շարունակելու է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը: Միջազգային համագործակցության և ինտեգրման գործում ՀՀ-ն առաջնորդվելու է ազգային շահերով և ռազմաքաղաքական հետաքրքրություններով, հաշվի են առնվելու նաև դաշնակիցների շահերը։

ՊՆ ղեկավարի վերջին տեսլականը ներկայացվել էր 2018-ի հունիսի 9-ին։ Նախարարի խոսքով՝ նախորդ տեսլականը հայեցակարգային կամրջի դեր է կատարել կառավարության տարեկան ծրագրի և պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա միջոցառումների պլանավորման միջև: