AM
9 Հունիս 2020 - 14:38 AMT

Նախագահը՝ բուժոլորտի մասնագետներին․ Իմ առջև խնդիր դրեք՝ ինչի՞ն օգնեմ և ինչպես

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է նախաձեռնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի շուրջ, որին մասնակցել են առողջապահության ոլորտի պատասխանատուներ, հայտնի մասնագետներ։ Նախագահը` իր օգնությունն առաջարկելով, հորդորել է մասնակիցներին խնդիր դնել իր առջև՝ ինչին օգնել և ինչպես։

Քննարկել է 3 հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը։

Սարգսյանի խոսքով՝ երկիրը ծանր իրավիճակում է․․․ և իր համար շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «․․․Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն: Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին»,-ասել է նախագահը։

Նա հավելել է, որ սպասում է ուղիղ բժշկի խոսք, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անել։

Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է. «Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, ինքը պետք է ներկայացնի թե ո՞րն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար»:

Մյուս ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»:

Նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների:

Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին: