AM
10 Հունիս 2020 - 10:45 AMT

Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել դիմակ չկրելու համար

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկվել դիմակը չկրելու պատճառով։

Այդ մասին «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնել է նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, գրում է Panorama.am-ը։

«Ինձ ընդմիջման ժամանակ զեկուցեցին, որ այս ժամանակահատվածում Պավլիկ Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց և հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Չկատարելով վերջինների պահանջները՝ բերման է ենթարկել Ոստիկանության բաժին։ Ինձ բանավոր ընդամենն այսքանն են զեկուցել, մանրամասներից տեղյակ չեմ»,- հայտնել է դատավորը։

Դատական նիստը հետաձգվել է գործով ամբաստանյալի բացակայության պատճառով։

Ավելի վաղ դատական նիստի ժամանակ դատավորը հորդորել էր Մանուկյանին դիմակը կրել սահմանված կարգով։ Մանուկյանն արձագանքել էր դատավորի հորդորներին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը։ Գործով անցնող Պավլիկ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։