AM
10 Հունիս 2020 - 11:39 AMT

ՀՀ-ում Covid-19-ի գիտական ուսումնասիրությունների գիտխորհուրդ կստեղծվի

Հայաստանում Covid-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ կստեղծվի, որին կանդամակցեն ԳԱԱ-ի, առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և բուհերի մասնագետներ:

ԳԱԱ-ն մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կողմից Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծմանը։

Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրել է Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը:

Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում:

Covid-19 համավարակի խնդիրը ճանաչվել է Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց:

Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ հայտարարվեց նաև վարակն ախտորոշող թեստերի հայկական արտադրություն սկսելու մասին։ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին կհատկացվի $550,000։ Մայիսի 20-ին արդեն հայկական արտադրության առաջին թեստերը պատրաստ էին։Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արտադրությունն այժմ գտնվում է օպտիմալացման փուլում։Սերիական արտադրությունը կսկսվի, երբ ավարտվեն օպտիմալացման աշխատանքները: