AM
11 Հունիս 2020 - 07:13 AMT

Թորոսյան․ ՀՀ-ում առաջին պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան է արվել

Հայաստանում կատարվել է առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև բժշկական այլ ծառայությունների հասանելիությունը, հատկապես՝ երբ սահմանները փակ են և ՀՀ քաղաքացիները զրկված են արտերկրում բուժվելու հնարավորությունից:

«Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես՝ քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե հիմա, թե հետո:

Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը նաև տեսանյութ է տեղադրել։

2019-ին վերագործարկվեց Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը Հայաստանում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման ու ախտորոշման հնարավորություն է ստեղծել։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET սրաքը ծառայում է այդ նպատակին։ Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: