AM
11 Հունիս 2020 - 11:35 AMT

Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները

Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար:

«Նախագծի ընդունման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին արձանագրելու հնարավորություն տալն է»,- ասել է նա։

Գրանցված խախտման հիման վրա վարչական վարույթ կներկայացվի, եթե այն հնարավորություն տա ֆիքսելու իրավախախտում կատարած ֆիզանձին, մեքենայի համարանիշը, խախտման վայրը և ժամանակը:

«Բացի այդ՝ այն պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- ասել է Վահե Ղազարյանը։

Մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հնարավորություն է տրվում ուղարկել տարեկան 30 էլեկտրոնային հաղորդում:

Ոստիկանապետի խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող 12 տեսակի իրավախախտում:

Ընդունվել է «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» որոշման նախագիծը: