ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովում, հայտարարել է, որ ականատես են լինում համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացմանը և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների։
Նա հավելել է, որ այս գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազմանը:
Նախարարը նշել է, որ տարածաշրջանային կայունության և խաղաղության առնչությամբ, այդ թվում համավարակի ժամանակ, Հայաստանը միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Դրանում համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել ԼՂ հակամարտության կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ։
Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացրել մոտ 10,000 զինծառայողների և մեծաքանակ զինտեխնիկայի մասնակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի և Ադրբեջանը դա կանի, ուղղակի պետք է ճիշտ գնահատել ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ալիևն ասել է նաև, որ 20-րդ դարի սկզբին «ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։






