AM
15 Հունիս 2020 - 07:14 AMT

ԱՆ-ի պատասխանը «Նորքի» աշխատողին՝ ռեսուրսների բաշխման, բուժումն ԻԹ բաժնում շարունակելու մասին

ՀՀ առողջապահության նախարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է «Նորք ինֆեկցիոնի» ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ֆեյսբուքյան գրառմանը՝ անդրադառնալով բուժաշխատողի բարձրացրած հարցերին։

Ավելի վաղ Ղալեչյանը դիտարկումներ էր ներկայացրել՝ կապված կորոնավիրուսով պացինետների բուժումը կազմակերպելու տարբերակների հետ՝ նշելով, որ պացիենտներն ու վարակակիրները նախնական բուժօգնություն ստանալիս մի շարք խնդիրների են բախվում, որոնք բարդացնում են բուժաշխատողների աշխատանքն ու ծանրաբեռնում առողջապահական համակարգը։

Համակարգչային շերտագրումով Covid-19-ին բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկին ի պատասխան Նիկողոսյանը ներկայացրել է ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսի սահմանումը։

«Covid-19 հաստատված դեպքը» պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ։ Առողջապահության նախարարի ցուցմամբ՝ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով»,-գրել է Նիկողոսյանը։

Նիկողոսյանը նշել է, որ եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և, ըստ չափորոշիչների, նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում։

«Կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, կորոնավիրուսով կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում Covid-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը»,-գրել է նա։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում, մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության։