«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, անդրադառնալով քրգործերի հարուցմանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ, հայտարարել է, որ խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է, որ ․․․օրենք խախտած յուրաքնչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերևույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։
«Հատկանշական է նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը և նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։ Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։
Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ»,-ասվում է հայտարարության մեջ:։ Կուսակցությունը նաև իշխանություններին կոչ է արել զբաղվել համավարակի դեմ պայքարով և սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին։
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ծառուկյանին ԱԱԾ շենքի բակում սպասում էին նրա համակիրներն ու կուսակցության անդամները։
Ընթերցեք նաև․ Զոհրաբյան․ Դատախազն ԱԺ-ում կմիջնորդի զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից






