ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հենց Զոհրաբյանը։
«Ինձ քննիչը հարցրեց՝ արդյոք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»,- նշել է պատգամավորը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ քննիչը զանգել է իրեն և ասել է, որ պետք է խուզարկեն ԱԺ-ի իր աշխատասենյակը, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ խոսքը ոչ թե ԱԺ-ում, այլ Հանրապետության 47-ում գտնվող ԲՀԿ գրասենյակում պատգամավորի աշխատասենյակի մասին է։
Զոհրաբյանն այս պահին մասնակցում է ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։






