ՀՀ-ում պետք է արգելվի այն կուսակցությունների գործունեությունը, որոնք համակարգված կերպով բռնանում են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը, հունիսի 17-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ տարիներ առաջ «Ելք» խմբակցության կազմում առաջարկում էր օրինագիծ, ըստ որի՝ նման կուսակցության գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն այն չընդունվեց, ինքն էլ կոնսենսուսի գնաց։ Վարչապետն անդրադարձել է ԲՀԿ-ի հայտարարություններին՝ կապված Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործի հետ և քննադատությանը, թե ինչու են հենց այժմ իրավապահները սկսել այս գործողությունները։
Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։
«Ես կարծում եմ, որ քննվում է երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը։ Ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասել է նա` հավելելով, որ իրավապահ համակարգի առաջ պետք է խնդիր դրվի ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերը բացահայտելու համար:
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։






