AM
19 Հունիս 2020 - 06:23 AMT

ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է ճանաչել 2 օրենքում փոփոխությունները

Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի ընդունած 2 օրենքում կատարված փոփոխությունները։

Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործը ՍԴ-ն քննել է ՀՀ նախագահի դիմումի հիման վրա։ Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների մասին է։

Սահմանադրական դատարանը որոշել է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու օրինագծերը։ Ասվել էր, որ օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Օրենքներն ընդունվել էին ԱԺ կողմից հունվարի 22-ին։ Դրանք ենթադրում են բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի։ Նախաձեռնությունը հիմնավորվում էր ապօրինի հարստացման դեմ պայքարով ու դրա շրջանակում կասկածելի ձեռք բերված գույքի օրինականությունը ստուգելու անհրաժեշտտությամբ։