Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նիկողոսյանն այն դատավորն է, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուբեն Մելիքյանի կալանքը գրավով է փոխարինել։ Դրանից հետո Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը թեմային էր ադրադարձել՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նաև նրա երեխան կա։
ՄԻՊ-ի խոսքով՝ ՀՀ-ում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդուն ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով իրար վիրավորելու, արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:
«ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին: Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում։ Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է», -գրել է Թաթոյանը՝ հատուկ ընդգծելով, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են՝ իրավական կոնկրետ կարգավիճակից ելնելով, և ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն:
Սաֆարյանն ավելի ուշ անդրադարձել է երեխայի լուսանկարը հրապարակելուն ու այդ առթիվ հնչած քննադատություններին՝ նշելով, որ «որևէ մտադրություն չի եղել ուշադրություն հրավիրել նկարում առկա երեխայի կամ նրանց ընտանիքների վրա»: Սաֆարյանը Մելիքյանից ու նրա ընտանիքից ներողություն է խնդրել՝ «նկարն անզգուշությամբ տեղադրելու համար»։






