Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «պետականության քայքայման գործընթացից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»։
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀԿ-ն՝ վերլուծելով 2018-ի ապրիլից երկրում մեկնարկած «իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները,․․․ անթույլատրելի է համարում, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին»։
Դրանում նաև նշվում է, որ «ՀՀԿ-ն՝
– արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա,
– պնդելով, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը,
– ահազանգելով, որ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը,
– հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին,
– արձանագրելով, որ Սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է,
– հայտնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է Հանրապետության նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում
Հայտարարում է.
1. Տեղի ունեցածը ՀՀ-ում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։
3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»։
Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։
ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:






