Եվրամիությունը հավելյալ հանձնառություն է ստանձնել 92 մլն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը որպես հայաստանյան պատվիրակության ղեկավար համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Դրանում ասվում է, որ բարձր է գնահատվում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում:
«Գոհունակությամբ ենք արձանագրում արդարադատության քաղաքականության երկխոսության շրջանակներում համագործակցության արդյունավետությունը, որի շնորհիվ 2019-ին ընդունվեց արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական չափանիշներին համապատասխան ռազմավարություններ։ 2020-ին էլ բյուջետային աջակցման նոր ծրագիրը կնպաստի բարեփոխումների իրագործմանը, հատկապես` դատավորների բարեվարքության ստուգման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով 65 մլն-ի: Եվրոպական Միությունը արձագանքել է Հայաստանում Covid-19-ի ճգնաժամի ծագման հենց սկզբում` մոբիլիզացնելով տարածաշրջանային և երկկողմանի աջակցության փաթեթները:
«Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը հիմնականում վերաբերում է Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ աջակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը։






