AM
25 Հունիս 2020 - 07:00 AMT

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկել են սահմանադրական կարգի վերականգնումը

Հունիսի 24-ին կայացել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

Կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի կայացրած որոշումների վերաբերյալ:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

ԲՀԿ-ն ստորագրահավաք էր նախաձեռնել պատգամավորների շրջանում ՍԴ դիմելու համար, սակայն ԼՀԿ-ն չմիացավ նախաձեռնությանը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով կդիմի Սահմանադրական դատարան, բայց ավելի ուշ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո։