AM
25 Հունիս 2020 - 07:29 AMT

Թորոսյան․ Երևանը, կարծես, Covid-19-ի մեծ օջախ է դարձել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստում անդրադառանալով կորոնավիրուսի տարածման տեմպերին, ասել է, որ Երևանը, կարծես, դարձել է մեծ օջախ, թեև վերջին շրջանում մեծ բռնկումներ չկան:

«Կարելի է ասել, որ վարակն ամենուր է և միայն կանոնները պահելով պետք է պաշտպանվենք դրանից», – ասել է նա՝ հավելելով, որ երիտասարդների շրջանում տարածվածությունը շատ չի աճում, իսկ որքան տարիքը մեծ է, այնքան տարածման տեմպն աճում է։

Հարցին, թե նախկինում ասվում է, որ, հնարավոր է, վարակակիրների թիվը հասնի 60-100,000-ի՝ Թորոսյանն ասել է, որ նրանք 100,000-ից քիչ են, իսկ ակտիվ վարակակիրների թիվը դժվար է հաշվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ կորոնավիրուսի տարածման առաջնային օջախները բակերն են՝ բակ, շենք, թաղամաս։ Նա կրկին հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 771-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։