Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում են ներկայացրել։
«Խոսքը վերաբերում է մոտ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», – դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը։
Նա նշել է, թե մի շարք ոտնձգություններ են եղել ՍԴ-ի նկատմամբ:
«Այդ ամենին հաջորդեց այս վերջին՝ սահմանադրության փոփոխությունները, և այսօր էլ ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»,- ասել է նա։
Բաբայանն ասել է նաև, որ պաշտոնեական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացի ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին»։
Դատախազություն էին եկել նաև աշխատանքային խմբի մյուս անդամները՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։
Ավելի վաղ 3 կուսակցության աշխատանքային խումբը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ»:






