AM
30 Հունիս 2020 - 12:31 AMT

2017-ին ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքով քրգործ կա

Ոստիկանության Կոտայքի վարչության Նաիրիի բաժնում քաղաքացու հաղորդման հիման վրա փաստական տվյալներ են ստացվել, որ 2017թ․ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների (28/16 ընտրատեղամաս) ժամանակ սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 դրամ, հայտնում է ՀՀ դատախազությունը։

Քաղաքացին արձագանքել է 2017-ի ԱԺ ընտրություններում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչին։

Ընդունելով առաջարկը, նա վերցրել է ընդհանուր 15,000 դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո նրանք քվեարկել են:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՔՕ 154.2 հոդվածի 1-ին մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, պատժվում է տուգանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ) և 154.2 հոդվածի 2-րդ մասով (պատժվում է տուգանքով կամ 3-5 տարի ազատազրկմամբ) հարուցվել է քրեական գործ։

Քննչական ենթակայության կարգով քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: