AM
13 Հուլիս 2020 - 06:34 AMT

ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանին իրավիճակը

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ տեղեկացնելով նրան Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

ԱԳ նախարարն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակում:

Ավելի վաղ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ, հայտարարել է, որ սադրիչ գործողության հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հուլիսի 13-ի առավոտյան, երկու-երեք ժամվա դադարից հետո, հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին: