AM
13 Հուլիս 2020 - 07:08 AMT

ՄԻՊ․ Ադրբեջանական կրակոցներն իրական վտանգ են քաղաքացիականների համար

Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են Մովսես գյուղին շատ մոտ հեռավորությամբ, խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը, հայտարարել է ՀՀ մարդու իրավուքների պաշտպանը՝ փոխանցելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների ահազանգերը։

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԻՊ-ի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել Տավուշի նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից։ Հուլիսի 13-ի առավոտյան Ադրբեջանը կրկին վերսկսել է հրետանակոծել հայկական դիրքերը։ Այս ընթացքում հայկական կողմը կորուստներ չունի, ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ 4 զոհի մասին է հայտարարել։

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ՀՀ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ իրականացվող գնադակոծությունը, որն իրականացվում է այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: ՄԻՊ-ից մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունն են հրավիրում նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնվել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին:

ՄԻՊ-ից հայտնում են, որ անմիջական կապ են պահպանում նաև Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։