AM
13 Հուլիս 2020 - 08:03 AMT

Տոնոյան․ Ադրբեջանը 15-25 րոպեն մեկ հրետակոծություն է վերսկսում, զգալի կորուստներ ունեն

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը նույն սցենարով, պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը, բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում, արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՊՆ ղեկավարի խոսքով՝ օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարելի է։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե հնարավոր է՝ ադրբեջանցիները ցանկացել են վերադարձնել իրենց թողած ՈւԱԶ մեքենան, Տոնոյանը նշել է, որ նման պարագայում ինչ-որ կերպ կարող էին կապի դուրս գալ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել Տավուշի նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից։ Հուլիսի 13-ի առավոտյան Ադրբեջանը կրկին վերսկսել է հրետանակոծել հայկական դիրքերը։ Այս ընթացքում հայկական կողմը կորուստներ չունի, ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ 4 զոհի մասին է հայտարարել։