Արցախի պաշտպանության բանակը հուլիսի 18-ին ադրբեջանական Orbiter-3 հետախուզական ԱԹՍ-ն խոցել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այն մոդերնիզացվել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից։
ՕՍԱ-ԱԿՄ-ն հակաօդային պաշտպանության զինահրթիռային համակարգ է։
Հովհաննիսյանի խոսքով՝ նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ամբողջ աշխարհում գլխացավանք համարվող այս ԱԹՍ-ների դեմ հայկական ԶՈւ-ն բավական լավ է պայքարում։
Ըստ նրա, սակայն, Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող նշանակել, որ մարտերն Արցախ են տեղափոխվել, քանի որ այդ ուղղությամբ պարբերաբար ԱԹՍ-ներ խոցվում են։ Հովհաննիսյանը նաև նշել է, որ այնպես էլ չէ, որ մարտերը չեն կարող տեղափոխվել Արցախի սահման, ԱԹՍ խոցելն այս առումով ցուցիչ չէ։
«Պարբերաբար առիթ ունեցել եմ նշելու, որ հակառակորդի գործողություններն անհրաժեշտ ծավալով և խորությամբ տեսնում ենք։ Հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ որով կարող է մեծ ծավալի սադրանքներ իրականացնել։ Մենք դա տեսնում ենք, գործողությունները մեզ համար պարզ է»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով որ հայկական բանակը պատրաստ է հակահարված տալ։
Նա նշել է նաև, որ սահմանային բախումների հետևանքով վիրավորների վիճակը շարունակում է նույնը մնալ, հիմնականում բոլորն ունեն դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծայահեղ ծանր է։
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի և 18-ի գիշերը հարաբերականոր անդորր է եղել սահմանին։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:






