AM
18 Հուլիս 2020 - 10:40 AMT

Փաշինյան․ Ադրբեջանն ուզում էր հաջողության հասնել ՀՀ-ում ու հարձակվել Արցախի վրա, բայց չստացվեց

Ադրբեջանը նպատակ ուներ անսպասելի հարվածով նյութականացնել իր բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակվել Արցախի Հանրապետության վրա, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն ապահովեցին Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հանդիպել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ զարմանալի է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, «որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է»:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով՝ բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը:

«Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանական զինված ուժերը նախահարձակ են եղել հայկական դիրքերի վրա ու հրետանային կրակով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին: Ապացույցներ կան նաև, որ ադրբեջանցիներն իրենց հրետանին ու զրահատեխնիկան սեփական գյուղերում են դիրքավորել՝ ՀՀ զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: