ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:
Չնայած ՊՆ-ն տեղեկացրել էր, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ, մանավանդ Տավուշի ուղղությամբ զորամասերի արդեն զորացրված զինծառայողները դիմում են զինկոմիսարիատներ` սահմանին կանգնելու պատրաստակամություն հայտնելով:
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:
Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ից սկսած հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։






