AM
21 Հուլիս 2020 - 08:34 AMT

ՊՆ-ն հերքում է․ Սուտ է, հայկական ԱԹՍ չի խոցվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական 2 ԱԹՍ է խոցել, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը մենք կտեղեկացնեինք»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել, իբրև ՀՀ ԶՈւ անօդաչու սարքերը գիշեր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց ոչնչացվել են։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։