Fly Armenia Airways-ը ՀՀ օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավ չունի, ընկերությունը պայմանագրային հարաբերություն է հաստատել եվրոպական գրանցում ունեցող ավիաընկերության հետ, որպեսզի վերջինս իր անունով Եվրոպայից թռիչքներ իրականացնի, քանի դեռ առկա է ԵՄ տարածքում ՀՀ օդանավ շահագործողների կողմից թռիչքներ իրականացնելու սահմանափակումը, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան ասացին Քաղավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Fly Armenia Airways-ը, որը ՀՀ Քաղաքավիացիայից ավիափոխադրողի վկայական է ստացել, հայաստանյան շուկա մուտք կգործի և թռիչքներ կիրականացվեն դեպի ՌԴ, Եվրոպա և Մերձավոր Արևելք։
Ուղևորատար օդանավատորմը, որը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռներից, կընդլայնվի, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը:
Հունիսի 2-ից հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա։ Դրանց առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։
Եվրահանձնաժողովի կողմից արգելք է դրվել, քանի որ ավիաընկերությունները չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։






