AM
22 Հուլիս 2020 - 08:25 AMT

Փաշինյան․ ԱԺ նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքը, 3 նոր դատավոր կընտրվի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, այն ուժի մեջ կմտնի հուլիսի 22-ից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Միրզոյանին տեղեկացրել էր, որ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Օրինագծով փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: