Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Սա ԱԳ երկու նախարարների առաջին զրույցն էր Բայրամովի նշանակումից հետո:
Մնացականյանն անդրադարձել է Տավուշում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:
Նա կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը:
Այդ համատեքստում նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:
Մնացականյանը գնահատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և հարձակման փորձ արել «Անվախ» դիրքի ուղղությամբ։