Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել, մասնավորապես՝ հայտնի է, որ նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, նրա եղբայրը և ընկերները ոտքով հարվածել են Մխիթարյանի գլխին, գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած փոխգնդապետին։
Փոխգնդապետը սեպտեմբերի 17-ից մինչև այժմ գտնվում է զինհոսպիտալում, կոմայի մեջ է։ Նա 27 տարի ծառայել է հայկական բանակում։
ՔԿ-ից հայտնում են, որ 2019 սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի միջև։ Վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել: Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, բայց Գրիգորյանը զանգահարել է մտերիմներին և եղբորը` նրանց կանչելով դեպքի վայր։ Վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են դեպքի վայր, որտեղ Հարություն Գրիգորյանն անսպասելի մոտեցել է Մխիթարյանին և բռունցքով հարվածել է նրա դեմքին։
Մխիթարյանը վայր է ընկել, որից հետո Հարություն Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Մխիթարյանի գլխին։
Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:
ՔԿ-ից նշում են, որ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Հարություն Գրիգորյանի եղբոր՝ Զավեն Գրիգորյանի վերաբերյալ գործի մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Զավեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել, բայց 2020-ի հուլիսին նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար է նշանակվել։






