Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հուլիսի 27-ի վաղ առավոտից բողոքի ակցիա են իրակացնում Երևանի փողոցներում, ոստիկանության շենքի մոտ նստացույց են անցկացնում, նրանք հանդիպում են պահանջում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ակցիայի արդյունքում բեման ենթարկվածներ կան, փոխանցում է Aysor.am-ը։
2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար մեկ միասնական քննություն էր նշանակվել։ Ընդունելության համար առաջնային էր համարվել առաջին հայտի սկզբունքը։ Արդյունքում մի քանի օր դիմորդների ծնողները բողոքում էին, որ բարձր միավորներ ստացածները չեն կարողացել ընդունվել իրենց ցանկացած ֆակուլտետը։ ԿԳՄՍՆ-ից նրանք պահանջում էին ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնել։ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է բուհ չընդունվածներին նույն ֆակուլտետների հեռակա բաժնում սովորել։
Նախարարությունից բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ իրենց հետ կարող է հանդիպել նախարարի տեղակալը։ Ոստիկանները փակել են նախարարության մուտքը, ակցիայի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանների պատը։
Ցուցարարների մի մասը հեռացել է նախարարության տարածքից՝ նստացույց սկսելով Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների երթևեկելի մասում, ոստիկանները հեռացրել են նրանց, կան բերման ենթարկվածներ։
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ոստիկանության մոտ են շարունակում իրենց բողոքի ակցիան։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ 2020-ին միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, համաձայնել է 4 դիմորդ։ Մյուս դիմորդներին առաջարկվել է սովորել նույն ֆակուլտետներում՝ հեռակա։






