AM
27 Հուլիս 2020 - 12:50 AMT

Մակունցը հուսով է՝ ԿԳՄՍՆ-ն կլուծի չընդունված դիմորդների հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով բուհեր չընդունված դիմորդների հարցին, հույս է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) կկարողանա լուծել չընդունված դիմորդների հարցը։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար մեկ միասնական քննություն էր նշանակվել։ Ընդունելության համար առաջնային էր համարվել առաջին հայտի սկզբունքը։ Արդյունքում մի քանի օր դիմորդների ծնողները բողոքում էին, որ բարձր միավորներ ստացողները չեն կարողացել ընդունվել իրենց ցանկացած ֆակուլտետը։ ԿԳՄՍՆ-ից նրանք պահանջում էին ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնել։ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է բուհ չընդունվածներին նույն ֆակուլտետների հեռակա բաժնում սովորել։

Մակունցը հավելել է՝ իր մոտեցումն այն է, որ եթե դիմորդն ունի գիտելիքներ, ապա չի կարող բուհ չընդունվել։

«Որքան հասկանում եմ՝ տեխնիկական խնդիրներ են առաջացել, գրանցման, հայտերի լրացման հետ կապված։ Դիմորդներն իրենք են որոշել, որ երկրորդ, երրորդ հայտով կարող են այս կամ այն մասնագիտության համար դիմել՝ այլ հարց է, որ ունեցել են ակնկալիք, թե կընդունվեն առաջին հայտով։ Հուսով եմ՝ նախարարությունը կկարողանա լուծել այդ թնջուկը, որով գիտելիքներ ունեցող դիմորդները դուրս չեն մնա բուհերից»,- ասել է նա։

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հուլիսի 27-ի վաղ առավոտից բողոքի ակցիա են իրակացնում Երևանի փողոցներում, ոստիկանության շենքի մոտ նստացույց են անում, պահանջում հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ակցիայի արդյունքում բեման ենթարկվածներ կան։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ 2020-ին միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, համաձայնել է 4 դիմորդ։ Մյուս դիմորդներին առաջարկվել է սովորել նույն ֆակուլտետներում՝ հեռակա։