ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնյաները, պաշտոնեական դիրքը չարաշահելով, օրենքի խախտմամբ թույլատրել են աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, որից հետո դրանց մաքսազերծումը և բացթողումը: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը), ՔՕ 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) և ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նույն պաշտոնյաները մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ղեկի տեղադիրքի վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասուները փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝ փաստացի ձախակողմյան ղեկով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ:
2018-ին Կառավարությունն ընդունել էր աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշում։ Դեռ այն ժամանակ այս որոշումը բողոքի առիթ էր դարձել։ Ըստ որոշման՝ մեքենաների ներմուծումն արգելվում է, սակայն ՀՀ-ում արդեն եղած մեքենաները կարող են շահագործվել։






