Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանում կայացած երեկույթին դիմակ չկրելու համար տուգանվել է, նրա հետ միասին տուգանվել են նաև երեկույթին մասնակցած այլ քաղաքացիներ, նա նաև ներողություն է խնդրել Պարետատնից ու քաղաքական թիմից: Այս մասին Սարգսյանն անձամբ է հայտնել ֆեյսբուքյան իր էջում։
«Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։ Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում»,-գրել է Սարգսյանը՝ ներողություն խնդրելով նաև Պարետատնից ու քաղաքական թիմից։
Ավելի վաղ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Սարգսյանը մասնակցում է խնջույքին առանց դիմակի է։ Նա նաև հայտնել էր, թե միջոցառումը ինքը՝ Սարգսյանն է կազմակերպել, իրեն պատկանող վայրում։
Այդ հայտարարությանը պատասխանել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով որ Սարգսյանը որևէ միջոցառում չի կազմակերպել։
«Նա հայտնեց խմբակցության ներողամտությունը, որ անզգույշ է վարվել և այդ պահին դիմակ չի կրել: Իմ տեղեկություններով՝ նա արդեն պետք է տուգանված լինի դրա համար, անկախ նրանից, որ անզգույշ է վարվել: Նա վստահեցրեց, որ կապ չունի այդ հանգստյան գոտու և այդ միջոցառումը կազմակերպելու հետ»,- նշել է Մակունցը, փոխանցում է Aravot.am-ը։
Սարգսյանը նաև նշել էր, թե ամիսներ շարունակ իրեն հետևելուց հետո հուլիսի 26-ին Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե միջոցառումն ինքն է կազմակերպել։
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով արգելված են զանգավածային միջոցառումները։ Դրանք անցկացվում են հատուկ կարգով՝ ներառելով սահամնափակ թվով մարդիկ։






