ՀՖՖ նախին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենի նկատմամբ Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է։
2020թ. հուլիսի 22-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար, ինչը բավարարվել է, տեղեկացնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ վերոնշյալ քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել: Վերջինս, ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, Ռուբեն Հայրապետյանին և հետախուզվող մյուս երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
«Հարսնաքարի» տնօրենը 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հուլիսը հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, իսկ մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնելու համար: Համալիրի սեփականատերն ու որդին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով, կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից՝ 2016-ի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը պահելով ամալիրի քոթեջներից մեկում։






