Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները։
ԱԱԾ-ի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, դրանով առաջարկվում է փոփոխություն անել «Պետական սահմանի մասին» օրենքում։
Ըստ ԱԱԾ-ի՝ այժմ օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»,- նշել են ԱԱԾ-ից։
Տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ըստ ուժայինների, կարող է խիստ բացասական անդրադառնալ պետական սահմանի պահպանմանը, նպատակահարմար է կիրառել որոշակի սահմանափակումներ:






