Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը և Գարեն Աթաջանյանը դատապարտվել են 12 տարի ազատազրկման. վերջինս հիվանդության հիմքով ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է, իսկ Ավագյանի կալանավորումն անփոփոխ է մնացել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, փոխանցում է Armtimes-ը:
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին: Նրա մեքենայի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին և Վիտալի Մինասյանին, վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրհետապնդումը դադարեցվել էր:
Հուլիսի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը Հենրիկ Ավագյանին մեղավոր էր ճանաչել ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՔՕ 235-րդ և ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի և սպանության փորձին օժանդակելու մեջ:
Գործով մեղադրող դատախազը ճառերի փուլում դատարանին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել հենց 12 տարի ազատազրկման:






