AM
31 Հուլիս 2020 - 07:25 AMT

Բժիշկ-զորակոչիկները կհամալրեն ԶՈւ զորամասերը

Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈւ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ կստանան լեյտենանտի կոչում։

Հուլիսի 30-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԶՈւ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ։

Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈւ զորամասերում։