AM
31 Հուլիս 2020 - 09:42 AMT

Բագրատյանը՝ ԲՀԿ-ն լքելու մասին․ Տևական ժամանակ է՝ դիրքորոշումս տարբեր է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բացատրել է խմբակցությունը լքելը նրանով, որ տևական ժամանակ է՝ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ինքը՝ Բագրատյանը։

Նա հասկացրել է, որ պատրաստվում է մնալ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր։ Նա նշել է, որ աշխատանքի ակտիվության բարձր ցուցանիշ ունի՝ 132 պատգամավորի թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականում է 196 ելույթով ու հարցով, և օրենսդրական 19 նախաձեռնության հեղինակ է։ Նրա խոսքով՝ թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իր իրավունքը:

Բագրատյանը ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարել էր հուլիսի 23-ին։ Նա խմբակցության պատգամավոր է եղել 2017-ից։ Բագրատյանը նաև Վայոց ձորի մարզպետ է եղել 2010-2012 թվականներին։