Հայկական բանակի զինծառայողները մեկնել են Ռուսաստան և Բելառուս, որտեղ կմասնակցեն Միջազգային բանակային խաղերին։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ստեփանյանի խոսքով, հայկական զորախմբի կազմում մրցույթին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, ռազմական ոստիկանության ծառայողներ, սպառազինության և թիկունքի, հրթիռային զորքերի և հրետանու վարչություններ։
Ստեփանյանը հավելել է, որ «Բանակ-2020» ֆորումում նախատեսված է ՊՆ և ԶՈւ Գենշտաբի առանձին պատվիրակությունների մասնակցությունը։
Միջազգային մրցումները կանցկացվեն 6-րդ անգամ։
Միջազգային բանակային խաղերը կմեկնարկեն օգոստոսի 23-ին «Բանակ-2020» ֆորումի հետ մեկտեղ և կավարտվեն սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ այս տարի խաղերին 90 պետություն է հրավիրվել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներ։ Ակնկալվում է 250 թիմի ժամանում, ընդհանուր առմամբ մոտ 5000 մարդու։






