AM
18 Օգոստոս 2020 - 12:16 AMT

ՀՀ նախագահը ՖՄԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Երևան` Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին հրավիրել է մասնակցելու Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը։

Այն կհամախմբի աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի:

Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունն ու արհեստական բանականությունը:

«2019թ. Մտքերի հայկական առաջին գագաթնաժողովի հաջողությունը մեզ քաջալերեց Շամոնիից դուրս նույնպես այն դարձնել տարեկան՝ նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և վեր հանել նոր գաղափարներ ու հնարավորություններ»,-նշված է Լուիզ Մուշիկիվաբոյին հասցեագրված Սարգսյանի նամակում:

Դրանում ներկայացված են նախագահական մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել տնտեսական գործակցության տարածաշրջանային հարթակ:

Նախագահական մյուս նախաձեռնությունը, որի մասին խոսել է Հայաստանի նախագահը, ATOM (Advanced Tomorrow) ծրագիրն է, որի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը դարձնել տարածաշրջանային հարթակ: Նրա խոսքով՝ բազմաթիվ պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող ձեռնարկություններ արդեն համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Անդրադառնալով Հաջողակ փոքր պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկել է շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարների հետ, ներառյալ ֆրանկոֆոն որոշ երկրներ, որոնց մեջ՝ Ռուանդան ու Կատարը: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին համախմբելն է, որոնք համագործակցության և երկխոսության ճկուն հարթակի շրջանակներում կարող են հաջողել զանազան ոլորտներում:

2018-ի հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն, 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Հայաստանn այժմ նախագահում է կազմակերպությունում։