AM
18 Օգոստոս 2020 - 12:32 AMT

Հանրային սննդի վայրում սեղանի մոտ կարող է 8 հոգի նստել․ Բացօթյաներում երաժշտությունը կթույլատրվի

Օգոստոսի 18-ից հանրային սննդի ոլորտում թույլատրվելու է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը, հանրային սննդի վայրերում հնարավոր կլինի մեկ սեղանի շուրջ մինչև 8 անձի նստեցումը՝ նախկին 5-ի փոխարեն, հայտարարել է պարետ Տիգրան Ավինյանը։

Համաձայն պարետի նոր որոշման՝ սահմանվել են կանոններ՝ ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի գրադարանների և թանգարանների թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների, օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։ Թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝ հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Ավինյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 15-ից մեկնարկում են դասերը հանրակրթական դպրոցներում, սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց։ Դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 832 դեպք կա, այլ պատճառով՝ 245։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 5787 է։