Ազգային ժողովում ավարտվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը, փոխանցում է Aysor.am-ը։
Հանդիպումից հետո խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչպես այն անցավ և ինչպես է «Իմ քայլը» մտադիր քվեարկել Խունդկարյանի թեկնածությանը։
«Լավ էր։ Հարցեր տվեցինք, պատասխաններ ստացանք, քվերակության ժամանակ կերևա»,- արձագանքել է պատգամավոր Քոչարյանը։
Օգոստոսի 1-ին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է8 առաջադրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Կառավարության կողմից առաջադրվել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, վերջինս սակայն հայտարարել էր իր դիմումը հետ վերցնելու մասին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։
Ավելի վաղ` հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։






