Կեղծ են այն լուրերը, թե Ապրիլյան պատերազմից առաջ պայմանավորվածություն է եղել հողեր հանձնելու, կեղծ է նաև լուրը, թե 20-ից ավելի դիրք է հանձնվել, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ նման լուրերը տարածվում են քաղաքական նպատակներով կամ իր հանդեպ եղած հակակրանքի պատճառով։
Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ն 2016-ին չի իմացել, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ են նախաձեռնվում, մարդիկ, որոնք հակառակն են պնդում, հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ հետախուզական տեղեկությունների։
Սարգսյանի խոսքով՝ այդ հարցում Հայաստանի հետախուզությունը թերացել է, ապրիլի 1-ին սակայն, իրենք նախնական տեղեկություն են ունեցել, որ ադրբեջանցիների ոկղմից դիվերսիոն գործողություն է նախապատրաստվում։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև դիրքային բարելավումների մասին հարցին՝ նշելով, որ հայկական բանակում այդ գործընթացը երեբք կանգ չի առել։
«Մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև մեզ համար կարևորը եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու։ Կարևորն այն չէ, որ մենք շեփորահարենք դա՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և այսպիսով շահագրգռելով Ադրբեջանին փոխադարձ գործողություն կատարելու։ Հսկայական տարածքներ են եղել, ես իրավունք չունեմ ասելու՝ ինչքան»,-ասել է նա։
Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։






