AM
20 Օգոստոս 2020 - 06:46 AMT

Հայրապետյանն առաջարկում է երիտասարդացնել մանկավարժության ոլորտը

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց։ Այնուհետև մանկավարժական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար թույլատրել պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական հաստատությունում՝ մանկավարժի որակավորում ստանալու պայմանով:

Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ առաջարկը միտված է մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը:

Նա նաև առաջարկում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով:

Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով։ Նրանք ստանալու են հնարավորություն՝ ընտրելու այլ ուսհաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա, և կուտակել դրանց համար համապատասխան կրեդիտները, որոնք իրենց հիմնական կրթական հաստատությունը կճանաչի:

Մեկ այլ առաջարկն է կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրի սկզբունքը, երբ սովորողները երկու կամ ավել ուսհաստատությունների աշակերտ են: Նպատակն անկախ աշակերտի բնակության վայրից որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն է։