Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները վերսկսել են բողոքի ակցիաները: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ ծննդատան փակվելուց:
Օգոստոսի 20-ին նրանք բժշկական կենտրոնի դիմաց պահանջում էին իրենց խնդրին լուծում տալ․ աշխատակիցները տարվա սկզբից աշխատավարձ չեն ստացել, հայտնում է Factor.am-ը։
2019-ին կառավարությունը մերժել է պոլիկլինիկային պետպատվեր տալու հարցում։
«Երբ պետպատվերը մերժվել է, մենք չենք ունեցել կառավարության որոշում, այսինքն՝ հստակ իրավական մի ակտ, որի վրա հնարավոր կլիներ ծանուցել թվով 13 աշխատակցին ազատման մասին։ Այսինքն ՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ։ Այդ ֆինանսական բեռն օր օրի գնալով մեծանում է։ 12 մլն դրամի պարտք է կուտակվել»,- բացատրել է պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։
Շիրակի մարզպետարանից լրատվամիջոցին հայտնել են, որ աշխատակիցների ազատման իրավական հիմքեր չկան։ Երբ պետպատվերի հայտը մերժվել է, պետք է Կառավարության համապատասխան որոշում լիներ, ըստ որի, Մարալիկի առողջության կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կփակվեր։ Սակայն որոշումը չկա, տնօրենը չի կարող ազատել աշխատակիցներին:
Մարզպետարանի ներկայացուցիչն ասել է, որ դիմումներ են ներկայացրել վարչապետին, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին՝ խնդրին լուծում տալու համար, սակայն մինչ այժմ արձագանք չեն ստացել։






